top of page

Ծուխ` առանց կրակի

Երևանում Մահաթմա Գանդիի արձանի շուրջ դժգոհություններ

«Գալիք սերունդները դժվար թե հավատան, որ այս երկրի վրա երբևէ միս ու արյունից ստեղծված նման մեկն է քայլել»: - Ալբերտ Էյնշտեյն

123.jpg

ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանության առաջարկով և ՀՀ Կառավարության արտաքին գործերի նախարարության առաջարկության հիման վրա, Երևանի ավագանու նիստը 2020 թ. ապրիլի 28-ին հաստատեց Մահաթմա Գանդիի արձանի տեղադրումը Երևանում: Թեև լուրը ողջունվեց հասարակության կողմից, այնուամենայնիվ, որոշ պառակտիչ խմբեր, թերևս ոչ նշանակալից, այն դիտարկեցին որպես սոցիալական հուզումներ առաջացնելու ևս մեկ հնարավորություն` իրենց չարամիտ օրակարգը իրականացնելու համար: Նրանց կողմից փորձ է արվում խեղաթյուրել Մահաթմա Գանդիի կենսագրությունը, խաթարել նրա իմիջը և կեղծ ընդդիմադիր վերաբերմունք ստեղծել նրա արձանը Հայաստանում տեղադրելու գաղափարի նկատմամբ: Դրան հասնելու իրենց հուսահատ փորձերի ժամանակ այս խմբերն օգտագործել են մանիպուլյատիվ լեզու, թերի ճշմարտություններ և բացահայտ սուտ տեղեկություններ՝ Մահաթմա Գանդիի ժառանգությունը խեղաթյուրելու համար՝ հուսահատորեն փորձելով նրան ներկայացնել որպես Հայոց ցեղասպանության ջատագով և քարոզիչ: Այս գաղափարը ոչ միայն վրդովեցուցիչ է նրանց համար, ովքեր նույնիսկ փոքր-ինչ տեղյակ են Մահաթմա Գանդիի սկզբունքների մասին, այլ նաև անհեթեթ և ծիծաղելի է:

 

 

Առողջ հոգեվիճակում գտնվող ինչ-որ մեկը կարո՞ղ է հուսալ, որ հաջողությամբ կտարածի այն միտքը, որ այն մարդը, ով ամբողա աշխարհում համարվում է խաղաղության և ահիմսայի (ոչ բռնության) առաքյալ, կարող է վայելել ցեղասպանության պես ստոր մի երևույթ, առավել ևս՝ սատարել այն: Այս մարդիկ, թերևս, իրենց մեծ օգուտ կտային, եթե ավելին իմանային Մահաթմա Գանդիի կյանքի մասին, ինչպես նաև ուսումնասիրեին հայ-հնդկական բարեկամական կապերը, որոնք վաղընջական ժամանակներից են: Այդ կերպ նրանք կհասկանային, որ Երևանում Մահաթմա Գանդիի արձանը ոչ միայն պետք է լինի, այլ նաև արդարացված է այդ միտքը, հատկապես, երբ այս առաջարկը գալիս է Հնդկաստանի կառավարությունից՝ մի երկիր, որը բազմիցս ապացուցել է Հայաստանի հուսալի բարեկամ լինելը: Երևանում Մահաթմա Գանդիի արձանը լոկ Գանդիին չի ներկայացնում, այլ խաղաղության և ոչ բռնության գաղափարը, եղբայրության և սատյագրահայի գաղափարը (ճշմարտության հաստատակամություն): Ամենից առաջ, Երևանում Մահաթմա Գանդիի արձանը կներկայացնի Հնդկաստանի և Հայաստանի ժողովուրդների դարավոր բարեկամական կապերը, որոնց մասին, կարծես, այդ խմբերը շատ քիչ բան գիտեն:

 

Թեև Մահաթմա Գանդին ծնվել է 1869թ. Հնդկաստանում՝ Գուջարաթ նահանգի Պորբանդար քաղաքում, և հնդիկներին հայտնի է իբրև Բապու կամ ազգի հայր, նա պատկանում է համայն մարդկությանը: Նրա ուղերձը և ուսմունքն ամենուրեք ձեռք են բերել հետևորդներ, իսկ նրա բանավիճելու և բողոքի ոչ բռնի մեթոդները տարածվել են Հնդկաստանի սահմաններից դուրս: Մահաթմա Գանդին ոգևորել և ոգեշնչել է աշխարհի շատ առաջնորդների, ինչպիսիք են դոկտոր Մարտին Լյութեր Քինգ կրտսերը, Նելսոն Մանդելան, Դալայ Լաման, Դեսմոնդ Տուտուն, Աունգ Սան Սու Կին, Լեխ Վալեսան, Սեզար Է. Չավեսը, Բարաք Օբաման և բազմաթիվ այլ մարդիկ, ովքեր ձևավորել են իրենց կարիերան Գանդիի՝ ոչ բռնության փիլիսոփայության հիման վրա: Որպես Մահաթմա Գանդիի՝ խաղաղության խորհրդանիշի համբավի հստակ ներկայացում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2007 թ. Հոկտեմբերի 2-ին՝ Գանդիի ծննդյան օրը, հռչակեց որպես «Ոչ բռնության» միջազգային օր: Ավելի քան 190 անդամ երկրներ նշում են այս օրը:

 

Մեծ համարձակություն և ամուր բնավորություն է անհրաժեշտ օտար տիրապետության դեմ հանուն անկախության պայքարելու համար՝ առանց բռնություն քարոզելու կամ ուժի կիրառման դիմելու: Այդուհանդերձ, Մահաթմա Գանդին Հնդկաստանի ազգային պայքարի առաջնորդի իր ողջ կարիերայի ընթացքում իր բոլոր հետևորդներին հորդորում էր զերծ մնալ բռնի միջոցներ օգտագործելուց, նույնիսկ երբ իրենք բռնության էին հանդիպում: Երբ 1922 թ. փետրվարի 5-ին, Ուտար Պրադեշ նահանգի Գորաքպուր շրջանի Չորի Չորա բնակավայրում Գանդիի «Ոչ համագործակցության» շարժմանը մասնակցող ցուցարարների մի մեծ խումբ հարձակվեց և հրկիզեց ոստիկանական մի բաժանմունք՝ սպանելով 22 ոստիկան, Մահաթմա Գանդին, ով խստորեն դեմ էր բռնությանը, ազգային մակարդակով դադարեցրեց «Ոչ համագործակցություն» շարժումը՝ ի նշան բողոքի իր իսկ կողմնակիցների դեմ, թեև ի սկզբանե ոստիկանությունն էր կրակ բացել խաղաղ ցուցարարների դեմ: Այդ ժամանակ նրա «Ոչ համագործակցության» շարժումը նոր թափ էր առել, բայց Մահաթմա Գանդիի համար ծայրաստիճան կարևոր էր  ոչ բռնության սկզբունքը: Անհավատալի է, որ մի անձնավորություն, ով չի սատարում իր իսկ թշնամիների դեմ բռնությունը, կաջակցեր Օսմանյան կայսրության ներքո կատարվող հայերի կոտորածին, ինչպես ներկայումս ներկայացվում է:

 

 

Մահաթմա Գանդիի գործողությունների վերաբերյալ ամենամեծ թյուր ընկալումներից մեկը կապված է սխալ հասկացված Խիլաֆաթ շարժման հետ, որը նախաձեռնել էին Շաուքաթ Ալի և Մուհամեդ Ալի Ջոհար եղբայրները՝ բողոքելով Օսմանյան կայսրության կազմալուծման դեմ, որը դիտվում էր որպես խալիֆի կամ սուննի իսլամիստների հոգևոր առաջնորդի նստավայր: Հնդկաստանի հինդուներին և մահմեդականներին  բրիտանական իշխանության դեմ անհապաղ համախմբելու անհրաժեշտության առաջ կանգնած լինելով՝ Մահաթմա Գանդին Խիլաֆաթ շարժման մեջ տեսավ այս երկու համայնքները ընդհանուր հովանու ներքո բերելու հնարավորություն: Հնդկաստանի պատմության այս մասն ուսումնասիրելիս պետք է հիշել, որ Հնդկաստանը պայքարում էր բրիտանական իշխանությունից իր անկախության համար, ինչը հնարավոր էր միայն հինդուների և մահմեդականների միավորմամբ: Թեև մահմեդականների ուշադրությունը կենտրոնացած էր խալիֆայությունը փրկելու համաիսլամական շարժման վրա, Գանդին օգտագործեց նման աննախադեպ մուսուլմանական միավորվածության հնարավորությունը՝ նրանց վերադարձնելու  «Ոչ համագործակցության»  շարժում ՝ աջակցելով գործին և իր հինդու հետևորդներին հորդորելով նույնն անել: Խիլաֆաթ շարժմանը (որը բխում է ուրդու «Խիլաֆ» տերմինից` դիմադրել) աջակցելը բնավ նպատակ չի ունեցել հաստատելու Հայոց ցեղասպանությունը: Մահաթմա Գանդին ոչ մի հետաքրքրություն չուներ Օսմանյան կայսրությանը որևէ այլ կերպ աջակցելու հարցում, քան հինդու-մուսուլմանական միասնության հասնելը՝ մարտահրավեր նետելով Հնդկաստանի բրիտանական օկուպացիային:

 

 

Չարլզ Ֆրիեր Էնդրյուսի՝ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ իր դիրքորոշումը սահմանելու խնդրանքով՝ Մահաթմա Գանդին 1920 թ. հուլիսի 21-ին «Երիտասարդ Հնդկաստան» ամսագրում «Պարոն Էնդրյուի դժվարությունները» վերնագրի ներքո գրառում է կատարել, որում շատ հստակ նշել է իր դիրքորոշումը: Ուսումնասիրելով պարոն Մուհամեդ Ալիի կողմից Օսմանյան սուլթանին ուղղված նամակը, որը խոստանում էր հնդիկ մահմեդականների աջակցությունը Խիլաֆաթ շարժմանը՝ Մահաթմա Գանդին գրել է. «Պարոն Էնդրյուսը կարծում է, որ պարոն Մուհամեդ Ալիի խոսքերը վկայում են այն մասին, որ նա դեմ է Հայաստանի անկախությանը և դեմ է արաբների անկախությանը: Ես դրան ոչ մի նշանակություն չեմ տալիս: Այն, ինչին դիմադրում են բոլոր մուսուլմանները, և կարծում եմ, նաև հինդուները, Անգլիայի և այլ տերությունների անամոթ փորձն է՝ ինքնորոշման քողի ներքո Թուրքիան հյուծելու և մասնատելու: Եթե ես ճիշտ եմ հասկանում իսլամի ոգին, ապա այն, ըստ էության, հանրապետական է՝ բառի բուն իմաստով: Հետևաբար, եթե Հայաստանը կամ Արաբիան ցանկանում են անկախություն Թուրքիայից, ապա նրանք պետք է ունենան այն»:  Նույն նամակում Մահաթմա Գանդին շարունակում է. «Ուստի, Հայաստանի և Արաբիայի հարցերից բացի, պետք է ակնթարթորեն վերացնել անազնվությունն ու կեղծավորությունը, որոնք աղտոտում են խաղաղ բանակցությունները: Դա ճանապարհ է հարթում Հայաստանի և Արաբիայի անկախության հիմնախնդրի արդարացի լուծման համար, որը տեսականորեն ոչ ոք չի հերքում, և որը գործնականում կարող է հեշտությամբ երաշխավորվել, եթե միայն ինչ-որ կերպ հնարավոր լինի բավարարել մարդկանց ցանկությունները»:

 

 

Վերոնշյալ նամակից հեշտությամբ կարելի է տեսնել, որ Մահաթմա Գանդին դեմ էր Սևրի պայմանագրին ոչ այն պատճառով, որ նա դեմ էր Հայաստանի անկախությանը, այլ դեմ էր այն ամենին, ինչը նա համարում էր «անազնվություն և կեղծավորութուն, որոնք աղտոտում են խաղաղ բանակցությունները»: Նրանք, ովքեր մեղադրում են Մահաթմա Գանդիին Օսմանյան կայսրությունից անկախություն պահանջելու հայերի իրավունքը մերժելու մեջ, պետք է լավ ուսումնասիրեն իրողությունը: Մահաթմա Գանդիի հավատը ոչ բռնության հանդեպ այնքան ուժեղ էր, որ նա Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նամակներ էր գրում գերմանացի բռնապետ Ադոլֆ Հիտլերին և նույնիսկ հանդիպում էր Բենիտո Մուսոլինիին՝ փորձելով հորդորել նրանց դադարեցնել պատերազմը: Գանդիի կարծիքով նույնիսկ ավտորիտար իշխանությանը հավատարիմ անձինք ունակ էին ցուցադրել ոչ բռնության և խաղաղության նշաններ: Այս երկու առաջնորդներն էլ պայքարում էին Բրիտանական կայսրության դեմ, և թեև նրանց հաջողությունը կարող էր վերջ դնել Հնդկաստանում բրիտանական իշխանությանը, Գանդին չաջակցեց նրանց մեթոդներին և ընտրեց համաշխարհային խաղաղությունը որպես ավելի մեծ նպատակ:

 

 

Մահաթմա Գանդին մեծ հարգանք ուներ հայ ազգի նկատմամբ: Երբ 1935թ-ին հայ երաժիշտ Ռուբեն Ղարախանյանը իր կնոջ հետ այցելեց Հնդկաստան, Մահաթմա Գանդին անձամբ հրավիրեց նրան հանդիպման Կալկաթա: Ըստ երաժշտի հուշերի, Մահաթմա Գանդին ասել է. «Որոշ ծանօթութիւններ եւ բաւականաչափ տեղեկութիւններ ունիմ ձերՙ հայ վեհանձն ազգին մասին. դուք ալ չարչարուած ժողովուրդ էք...: Ե՞րբ այլեւս աշխարհի ղեկավարները, թագաւորները, ընդհանրապէս բոլոր անոնք, որոնք կառավարութիւններու ղեկը իրենց ձեռքն առած են, վերջնական լուծում մը պիտի գտնեն ձեզի համար: Ես յո՛յս ունիմ, որ այսպէս չի մնար.... Ո՞ւր ըսուած է, թէ պտղատու ծառըՙ անդադար կը քարկոծեն...»:

 

 

Հայ-հնդկական բարեկամական հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն: Հնդկաստանի և Հայաստանի ղեկավարների միջև կապեր գոյություն ունեին դեռևս մինչև 301 թվականին քրիստոնեության ընդունումը Հայաստանում որպես պետական կրոն, ինչպես արձանագրել է Գրիգոր Լուսավորչի առաջին աշակերտներից մեկը՝ պատմաբան Զենոբ Գլակը: Ըստ նրա տարեգրության, Հնդկաստանում հետապնդումներից փախչելով, երկու հնդիկ իշխաններ ապաստան են գտել Հայաստանում և Տարոնում գաղութ ստացել՝ իրենց աստվածներին ազատորեն երկրպագելու հնարավորությամբ: Հինդուների այս գաղութը Հայաստանում գոյություն է ունեցել 450 տարի, մինչև քրիստոնեության տարածումը:

 

 

Հնդկաստան ժամանած առաջին եվրոպացիների շարքում կային նաև հայեր, ովքեր իրենց համար հիմնելով առևտրի և ակտիվ ներկայության մեծ ցանց, դարձան երկրի ամենահայտնի համայնքներից մեկը: Հնդկաստանի պատմության ընթացքում հայերը վայելում էին տեղի բնակչության հյուրընկալությունը: Թե՛ Մուղալական կայսրության, թե՛ Բրիտանական իշխանության կամ անկախ Հնդկաստանի ժամանակաշրջանում Հնդկաստանում հայերի նկատմամբ վատ վերաբերմունքի դեպքեր երբևէ չեն գրանցվել: Նույնիսկ մինչ օրս Հնդկաստանում հայկական ժառանգությունը երկրի հոգածության ներքո է: Այս տարի ՝ 2021 թվականին, Կալկաթայի Հայոց Մարարդասիրական Ճեմարանը նշում է հիմնադրման 200-ամյակը, ինչը վկայում է հայ-հնդկական պատմական ամուր կապերի մասին: Հայերը կարող են պարծենալ, որ Հնդկաստանում ունեն 7 ակտիվ եկեղեցի, որոնք գտնվում են Կալկաթա, Մուրշիդաբադ, Չինսուրա, Մումբայ և Չեննայ քաղաքներում, ինչպես նաև ավելի փոքր մատուռներ՝ Ագրա, Դելի և Սուրատ քաղաքներում, որոնք պահպանվել և պաշտպանվել են մինչ օրս: Այս եկեղեցիներից մի քանիսն ավելի քան 300 տարեկան են: Հնդկաստանի որոշ քաղաքներում պահպանվել են նաև մեծ թվով հայկական գերեզմանոցներ և տապանաքարեր՝ անգամ առանց այդ քաղաքներում մեկ հայի ներկայության։ Մի մասը գտնվում է Հնդկաստանի հնագիտական հետազոտությունների կառույցի հովանավորության տակ: Կալկաթայում, դպրոցներից և եկեղեցիներից բացի, պահպանվում են հայերի կողմից կառուցած մի քանի կառույցներ և ճարտարապետական տեսարժան վայրեր: Քաղաքում կան նաև երկու ակտիվ հայկական ակումբ: Հնդկաստանի Կալկաթա, Մուրշիդաբադ, Ագրա, Չեննայ և Սուրատ քաղաքների քրիստոնեական ամենահին տապանաքարերը բոլորը հայկական են:

Հնդկաստանում ժողովրդի կողմից պահպանված և խնամված հայկական մի ամբողջ ժառանգություն ունենալով հանդերձ՝ ինչո՞ւ պետք է Երևանում հնդկական մեկ  արձանի առկայությունը տարաձայնության պատճառ դառնա: Մահաթմա Գանդիի արձանը տեղադրվել է աշխարհի ավելի քան 70 երկրներում՝ որպես նրա՝ խաղաղության և ոչ բռնության քարոզի խորհրդանիշ: Երևան քաղաքում այդ արձանը նույն խորհուրդն է կրելու։

 

Հնդկաստանը միշտ աջակցել է Հայաստանին անհրաժեշտության պահին և շարունակում է մնալ աշխարհի ամենաուժեղ դաշնակիցներից մեկը: 1988թ․-ին՝ Սպիտակի երկրաշարժի ժամանակ, Հայաստան ուղարկված մարդասիրական օգնությունը չի կարող մոռացվել: Հնդկաստանի դեսպանության կողմից Հայաստանի մարզերի տարբեր կրթական և սոցիալական հաստատություններին տրամադրված բազմաթիվ օժանդակ ծրագրերը, ինչպես նաև հայ ուսանողներին և մասնագետներին մեծ թվով տրամադրվող երկարաժամկետ և կարճաժամկետ կրթաթոշակները ցույց են տալիս Հնդկաստանի հանձնառությունը` նպաստելու Հայաստանի ընդհանուր զարգացմանը: Քիչ հայտնի փաստ է, որ շատ հայ զինվորներ, ովքեր վիրավորում են ստացել զինվորական ծառայության ընթացքում, պրոթեզավորվում են Հնդկաստանում, այլ ոչ թե եվրոպական որևէ երկրում կամ ԱՄՆ-ում: Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ևս շատ հայեր փրկվեցին թուրքական բարբարոսությունից՝ Անատոլիայում դաշնակից ուժերի կազմում տեղակայված հնդիկ զինվորների օգնությամբ:

 

Երևանում Մահաթմա Գանդիի արձանը կլինի այն բարիդրացիական կապերի հավաստումը, որը կիսում են հայ և հնդիկ ժողովուրդները: Մենք ողջունում ենք Երևանի ավագանու որոշումը և հորդորում ենք հասարակությանը անտեսել այն տարբեր խմբերին, որոնք փորձում են իրենց օրակարգը առաջ մղել հայրենասիրության քողի տակ: Հայ-հնդկական բարեկամական հարաբերությունների ամրապնդումը շահեկան կլինի Հայաստանի համար, և միակ երկրները, որոնք չեն ցանկանում տեսնել Հնդկաստանի և Հայաստանի միջև ձևավորվող է՛լ ավելի ամուր հարաբերությունները, սահմանի մյուս կողմում գտնվող մեր թշնամիներն են: Այդ դեպքում ինչո՞ւ պետք է թույլ տանք, որ նման ծայրահեղական խմբերը նպաստեն թշնամու գործին:

 

Թեև յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է արտահայտել իր տեսակետը նման հարցերի վերաբերյալ, այնուամենայնիվ, դա պետք է արվի ավելի քաղաքակիրթ կերպով՝ առանց հնդիկ ժողովրդի զգացմունքները ոտնահարելու կամ մեր երկրների միջև ամուր բարեկամական կապերի վրա ստվեր գցելու: Կոչ ենք անում զերծ մնալ Մահաթմա Գանդիի անունը շահարկելուց կառավարության հետ քաղաքական հարցեր լուծելիս։

 

Երևանի քաղխորհրդում զրո դեմ ձայն ստանալու փաստը վկայում է նախագծի միաձայն աջակցության մասին Հայաստանի ողջ քաղաքական սպեկտրում: Բոլոր մյուս անձինք, որոնք ցանկանում են ծուխ տեսնել այնտեղ, որտեղ կրակ չկա, լավագույն դեպքում պետք է անտեսվեն:

 

 

«Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ

Երևան, Հայաստան

bottom of page